Լաուրա Սարգսյան, Sputnik.
ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր պատմության պատմական կարևորագույն փուլերից կլիներ։ Վաշինգտոնից հետո 1915 թվականի այդ ողբերգությունը Ցեղասպանություն կանվանեն նաև մյուս երկրները, իսկ Թուրքիան ստիպված կլինի վճարել արվածի դիմաց։
Այդպես է կարծում հայերի մեծամասնությունը, սակայն Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը կարծում է, որ հայերի այդ ցանկությունը իռացիոնալ է։
«Հայաստանն այսօր չպետք է պայքարի, որ Ամերիկայի նախագահի բերանից հնչի «ցեղասպանություն» եզրույթը։ Նման բան պատմության մեջ արդեն եղել է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանը։
1981 թվականին ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր ելույթում 1915 թվականի դեպքերն արդեն որակել էր որպես Ցեղասպանություն։ Ռեյգանն ընդգծել էր. «Հոլոքոստի, ինչպես նաև մինչ այդ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած Կամբոջիայի ցեղասպանության դասերը,… երբեք մոռանալ չի կարելի»։
Մանուկյանը հիշեցրեց նաև 1975 թվականին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «Անմարդկային հանցագործությունների զոհերի հիշատակի օրվա մասին» N 148 բանաձևը, որի համաձայն ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
«Նման մի բանաձև 1984 թվականին ընդունել էր նաև ԱՄՆ Կոնգրեսը. պալատը հաստատել էր` 1915 թվականի գործողությունները Ցեղասպանություն են», – ասել է Մանուկյանը։
Այս ամենը տեղի էր ունենում հայկական լոբբի ուժեղ մասնակցությամբ։ XX դարի 70-80-ականներին հայերը ԱՄՆ–ում առաջատար դիրք էին զբաղեցնում, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը Ռեյգանի մոտ ընկերն էր։
«Այլևս սպասելու կարիք չունենք, որ ԱՄՆ նախագահը 1915 թվականի դեպքերը Ցեղասպանություն անվանի։ Այսօր անհրաժեշտ է հավաքել բոլոր այդ փաստերը և օգտագործել դրանք մեր նպատակների իրագործման համար։ 80-ականներին մենք բաց թողեցինք հնարավորությունը, քանի որ անկախ պետություն չէինք», – ասաց Մանուկյանը։
Հայաստանի անկախանալուց առաջ երկրների կողմից ընդունված Ցեղասպանությունն այսօր դեկլարատիվ բնույթ է կրում։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Անկախ այդ հանգամանքներից`Մանուկյանը համոզված է, որ անցել է ապացույցների և ճանաչման ժամանակը, եկել է փոխհատուցում պահանջելու ժամանակը։
«Եթե հայկական հարցը աշխարհն օգտագործում է ի նպաստ իր քաղաքական շահերի, ապա Հայաստանն էլ պետք է օգուտ քաղի ստեղծված իրողությունից», – ասաց Մանուկյանը։
Երևանին այդ հարցում պետք է օգնեն ԱՄՆ–ի հայերը` առաջ տանելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ թե Կոնգրես ամեն տարի բանաձևեր ներկայացնելով, որից օգուտը քիչ է, այլ առկա փաստաթղթերի հիման վրա քաղաքականություն կառուցելով։