ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցները սկսել են ուսումնասիրել Վատիկանի արխիվային փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ու սեպտեմբերին փոխանցվել թանգարանին։
«Մեր աշխատակիցներն արդեն ուսումնասիրում են փոխանցված փաստաթղթերը։ Դրանց մեջ կան նաև Օսմանյան կայսրությունում Հռոմի պապի ներկայացուցիչների գրությունները։ Նրանք աշխատել են Ստամբուլում և գրել հայերի հետ կատարվող սարսափների մասին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը։
Նրա խոսքով` փաստաթղթերի շարքում կա Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի` թուրք սուլթան Մեհմեթ V-ին ուղղված նամակը, որում նա խնդրում է գթալ քրիստոնյաներին։ Կան նաև նամակի` մատիտով գրված սևագրերը, գրածը տեղ-տեղ ջնջվել է։
Մանուկյանը կարծում է, որ մեկ ամսից փաստաթղթերի բովանդակությունը հասանելի կլինի բոլորին։
Այս պահին թվայնացված է փաստաթղթերի միայն մի մասը, մասնագետները զբաղվում են մյուս փաստաթղթերով։
Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին անցած տարի Երևանում հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը բաց են ուսումնասիրության համար։
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։