ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը պատմել է «գոյություն չունեցող» Արցախ կատարած այցի մասին։
«Հայաստան և Ղարաբաղ կատարած հերթական` հինգերորդ ճանապարհորդությունից վերջերս եմ վերադարձել: Այս անգամ գնացել էի բլոգ-տուրի շրջանակում և տեղաշարժվում էի բոլորովին այլ տեմպով, քան ազատ ճանապարհորդության ժամանակ։ Երեք ամբողջ օր և ավելի քան հազար կիլոմետր՝ Երևանից դեպի Ստեփանակերտ ու հակառակ ուղղությամբ: Դրանցից ավելի քան 300-ը ամենաչճանաչված հանրապետության գլխավոր տեսարժան վայրերով, հյուսիսում գտնվող Դադիվանքից մինչև հարավ՝ Տողի խաղողի այգիներ», — գրել է բլոգերը։
Տեսարժան վայրեր, թանգարաններ, բնություն, մշակութային ավանդույթներ, ամենօրյա կյանք, հանդիպումներ հին ծանոթների հետ և նոր ծանոթություններ։ Այս ամենից բացի, գինու փառատոն Հադրութի շրջանում։
Բլոգերը մինչ այդ եղել էր Արցախում և վերջին այցելության ժամանակ նկատել է, որ որոշակի փոփոխություններ են եղել։
«Արցախցի դարբինները Ստեփանակերտի շուկաներում մրցակիցներ են ձեռք բերել Թուրքիայից… Շուշիի կենտրոնում գտնվող մզկիթի վերին մասը սկսել են վերականգնել ներսից… Տասնյակ ուխտավորների այցելությունը Դադիվանք սովորական է դարձել… «Գոյություն չունեցող» փոստային նամականիշների վրա փոխվել են գրությունները` 2017 թվականին դրանց վրա գրված է «Republic of Artsakh», բայց Ռուսաստան նույնքան ճշգրիտ են հասնում… Չգիտեմ` ինչի մասին է սա վկայում, բայց «ես կրկին այցելեցի» ժանրում արված ճանապարհային գրառումները տարեցտարի ավելի են շատանում», — գրել է Նովիկովը։
Նա Արցախ է այցելել Հայաստանի, Բելառուսի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Իտալիայի, Լատվիայի և Լիտվայի գործընկերների հետ։
Նրա խոսքով` ԽՍՀՄ նախկին չճանաչված կամ մասամբ ճանաչված տարածքներից միայն Ղարաբաղում կա զբոսաշրջության զարգացման հստակ ծրագիր:
«Այստեղ հրատարակվում են ուղեցույցներ և մշակվում են երթուղիներ, մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, վերանորոգում են ճարտարապետական հուշարձանները, կազմակերպում են լրագրողական և բլոգերների այցելություններ: Մի խոսքով, իրական աշխատանք են կատարում», — գրում է բլոգերը։

