ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Եզրափակիչում այսօր կայացան արագ շախմատի երկու պարտիաներ, որոնցում էլ հայ շախմատիստը կարողացավ դրսևորել իր առավելությունը մրցակցի նկատմամբ: Սպիտակ խաղաքարերով Արոնյանը հաղթեց, իսկ այնուհետև հաղթանակի հասավ սև խաղաքարերով` վերջնական արդյունքն իր օգտին գրանցելով 4:2 հաշվով:
Աշխարհի գավաթի խաղարկությունում, բացի հաղթողի տիտղոսից, վիճարկվում էին նաև 2018թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերը: Եզրափակիչ դուրս եկած Լևոն Արոնյանն ու Լիրեն Դինգը արդեն ապահովել էին այդ մրցաշարի ուղեգիրը: Բայց երկուսն էլ, իհարկե, ուզում էին հաղթել մրցումներում, ինչը բացի տիտղոսներից նաև 120 հազար դոլար էր բերելու չեմպիոնին:
Լևոն Արոնյանը փաստացի աշխարհի գավաթի խաղարկությունում հասավ բոլոր նվաճումներին, ինչը հնարավոր էր: Նվաճեց հավակնորդների մրցաշարի ուղեգիրը, դարձավ աշխարհի գավաթակիր և որպես պարգևատրում վաստակեց դրամական պարգևը, ինչը շատ լավ նվեր էր հայ շախմատիստին` հարսանյաց հանդեսից առաջ:
Սեպտեմբերի 30-ին շախմատի հայ առաջատարն ամուսնանում է: Հաղթական տրամդադրությամբ Արոնյանն արդեն իր կյանքի գլխավոր պարտիային է անցնելու: