ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Երևանում կառուցված ռուս ուղղափառ եկեղեցու օծման կարգը կկատարի Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը։
Նա կղեկավարի նաև նորակառույց եկեղեցում նախատեսված պատարագը։
«Նախատեսվում է, որ օծման արարողությանը ներկա կլինեն ՀՀ պետական գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռուսական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներ»,- նշեց Ազոյանը։
Նրա խոսքով` Երևանում ռուս ուղղափառ եկեղեցի, իսկ Մոսկվայում հայ առաքելական եկեղեցի կառուցելու որոշումը կայացրել են Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները։
Երևանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվել է Ծովակալ Իսակովի պողոտայի հարևանությամբ: