ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ Հայաստանից, աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները Ռուսաստանում ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան։
Այդ մասին երեքշաբթի ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է ռուս-հայկական առողջապահական երրորդ համաժողովի բացման ժամանակ։
«Համաձայնագիր է նախապատրաստվում այն մասին, որ աշխատանքային միգրանտներն ամբողջական բժշկական ապահովագրություն կստանան»,– ասել է Սկվորցովան։
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է հայկական կողմի համաձայնությունը ստանալ և համապատասխան համաձայնագիր նախապատրաստել։
«Մենք սեղմ ժամկետում կուսումնասիրենք մեր գործընկերների առաջարկը, հայկական կողմից խոչընդոտներ չեն լինի։ Ավելին, մենք մտադիր ենք մեր ներդրումն ունենալ»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Այսօր էլ Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտները, որոնց թվում շատ հայեր կան, շտապ և արտակարգ դեպքերում անվճար օգնություն են ստանում։ Բուժօգնության փաթեթը կտարածվի նաև աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամների վրա։