ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային Հայկական պետական մանկավարժական համալսարանի վաստակավոր դոկտորի կոչում է շնորհվել։
Մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ համալսարանի սրահներից մեկում։
«Իմ առաքելությունն է շարունակել մեր կապերի ամրապնդման ու զարգացման գործընթացը կրթության ոլորտում։ Կան բազում հայ գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել մշակույթների երկխոսության մեջ։ Ռուս գրականագետները միշտ հետաքրքրվել են Հայաստանով, երկրի պատմությամբ, եզակի ճակատագրով, ինքնատիպ մշակույթով», — ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ ռուս և հայ ժողովուրդների միջև հոգևոր կապը, ինչպես գրում էր Հովհաննես Թումանյանը, հաստատվում է նախևառաջ գրականության միջոցով։
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այսօր առավոտյան նա հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ` Լևոն Մկրտչյանի հետ, այնուհետև ռուսական պատվիրակությունը հայ գործընկերների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան։