ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը`Ռուզաննա Մկրտչյանը, որը կալանավորվելուց հետո տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, սեպտեմբերի 15-ին տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիային հաղորդեց տիկնոջ փաստաբան Նաիրա Պետրոսյանը։
Փաստաբանի խոսքով, ամուսնու սպանության համար մեղադրվող կնոջ հոգեբանական վիճակի մասին որևէ փաստացի ապացույց առայժմ չկա։
«Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները մենք մինչև այսօր չենք ստացել»,- ասաց Նաիրա Պետրոսյանը` նշելով, որ առանց դրանց վաղ է որևէ մեկնաբանություն անել:
Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:
Ավելի ուշ իրավապահները պարզել էին, որ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը կատարել է կինը, իսկ դիակը թաքցրել է որդու օգնությամբ։