ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչը 2016 թ.-ի հունվարին այցելել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ և խանութի տիրոջից պահանջել յուրաքանչյուր ամիս 20.000 դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի և կտուգանի ձեռնարկատիրոջը:
Խանութի տերը, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից 2017թ.-ի ապրիլը հարկային տեսուչին 115.000 ՀՀ դրամ է վճարել։ Իսկ հետո դադարել է վճարել և կաշառքի մասին հաղորդում տվել։
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ։
ՀՀ ԱԱԾ–ն հայտնում է, որ կատարվում է նախաքննություն: