ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսին «Նաիրիտ» գործարանում ուսումնասիրությունների ընթացքում միջազգային փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները:
Փորձաքննության կարևոր նպատակներից էր ուսումնասիրել ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում:
«Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փորձագիտական խմբի անդամների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակին և միջազգային փորձագետներին՝ ընդգծելով, որ իրենց առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն իր խոսքում վստահեցրեց, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար:
Տեղեկացնենք, որ բռնկված հրդեհից հետո ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին արձագանքել էին Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ:

