ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik, Ամալյա Պապյան. Ժակ Օկջյանը ծնվել և իր մանկությունը անցկացրել է Լիբանանում`Բեյրութում։ Այստեղ է ստացել նաև իր մասնագիտական կրթությունը, ավարտել կոնսերվատորիայի երգի բաժինը։ Այսօր Ժակ Օկջյանն ամենևին էլ պատանի չէ, բայց առաջին անգամ է Հայաստանում։ Եկավ առաջին անգամ և վճռեց մնալ ընդմիշտ։ Թեև ընդամենը հաշված ամիսներ է, որ Հայաստանում է, բայց արդեն հասցրել է հայկական քաղաքացիություն ընդունել և հպարտությամբ է ցուցադրում իր հայկական անձնագիրը:
«Սրա մասին երազում էին իմ նախնիները»,- դողացող շուրթերով ասում է երգիչը։
Ժակն ապրել է 5 երկրում, երգում է 6 լեզվով, բայց հայերեն երգին առանձնահատուկ վերաբերմունք ունի։
«Իմ նախնիները կոտորածից առաջ ապրել են Կիլիկիայում, սակայն ինչպես շատերի, իմ ընտանիքի ճակատագրում նույնպես Մեծ եղեռնն անջնջելի հետք է թողել։ Իմ տատն ու պապը մեծ ողբերգություն են տեսել, սակայն կարողացել են ապրելու ուժ գտնել։ Մեր ընտանիքում հայրենասիրության զրույցը չէր դադարում, հայապահպանությունն ու լեզվին տիրապետելը առաջնային նշանակություն ուներ,- պատմում է լիբանանահայ երգիչը: — Դեռ մանկուց ապրելով օտար երկրում` սիրահարված էի հայ երգին, հիշում եմ, թե ինչ սրտի թրթիռով էի սպասում հայ երգի ժամին ռադիոյով»։
Ընտանիքի բոլոր երեխաները հաճախում էին հայկական դպրոց. հայերենին տիրապետելը պատվի հարց էր։ Հայտնվելով նոր միջավայրում` Ժակը ցանկացած երկրում հայախոս մարդ էր փնտրում հարազատ լեզվով խոսելու համար։
«Անհավանական է, բայց երբ հայերեն եմ խոսում, հոգիս ջերմանում է, երբ հայերեն եմ երգում եմ, անհնար է` չհուզվեմ։ Այսօր, երբ որոշում կայացրի ապրել Հայաստանում, ինձ երջանիկ եմ զգում, շուրջ բոլորս հարազատներ են, չկա օտար մեկը: Հայ է, ուրեմն իմ բարեկամն է, հայերեն է խոսում, ուրեմն իմ ընկերն է»,- ասում է նա։
Վերջին երկիրը, որտեղ ապրել է Ժակը, Բրազիլիան էր: Այնտեղ քչերը գիտեն հայի և Հայաստանի մասին, սակայն դա չէր խանգարում երգել հայերեն։ Անկախ հանգամանքից, թե ինչ ազգի ներկայացուցիչների համար է կատարում, երգացանկում պարտադիր լինում է առնվազն մեկ հայերեն երգ:
«Ես դա իմ առաքելությունն եմ համարում, — ասում է երգիչը: — Բրազիլիայում, բրազիլական եկեղեցում ինձ թույլ տվեցին երգել «Տեր ողորմեան», բոլոր ներկաները, կարծես, կախարդված լինեին»,- ասում է նա:
Ժակը վստահեցնում է` հայերեն աղոթքն այլ կերպ է հնչում նույնիսկ նրանց համար, ովքեր չեն հասկանում այդ լեզուն։