ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ԽՍՀՄ ամենահայտնի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, հարյուրավոր մեդալների դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կատարեց XX դարի հայ կոմպոզիտորների գործերը:
Առաջին երգը նվիրեց հայրենի Ռուսաստանին, հետո անդրադարձավ հայկական թեմատիկային: Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ արտիստը հայերեն բառեր էր արտաբերում՝ բարև Հայաստան, շնորհակալություն, ջուրը սառն է և այլն: Հետո հատուկ անդրադարձավ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովին:
«Թուխմանովն իմ համակուրսեցին էր: Մենք ընկերացանք: Երբեմն պատահում էր, որ միասին գնում էինք այգեքաղի, բայց պետք է խոստովանեմ, որ նա լավ աշխատող չէր, ալարկոտություն էր անում: Եթե ես իմանայի, որ նա այդքան տաղանդավոր կոմպոզիտոր է դառնալու, վստահեցնում եմ՝ նրա փոխարեն կարտոֆիլով լի զամբյուղը կտանեի»,-ժպիտով պատմեց արտիստը:
Հետո հիշեցրեց իր սիրելի ընկերոջ ազգությունը՝ մեծ նշանակություն տալով դրան:
«Իսկ դուք գիտե՞ք, թե Թուխմանովն ինչ ազգություն ունի: Նա հայ է, այն էլ արցախցի հայ»,-ասաց Կոբզոնը:
Այնուհետև նա «Эти глаза напротив» երգը նվիրեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին: Կատարումից առաջ Կոբզոնն ասաց, որ անչափ գնահատում է առաջին տիկնոջն ու շեշտեց, որ լրատվամիջոցները վերջին ասուլիսի ժամանակ խեղաթյուրել են Ռիտա Սարգսյանի վերաբերյալ արտահայտած իր միտքը:
«Երբեք չեմ սիրել լրագրողներին: Հայ լրագրողները ոչնչով չեն տարբերվում մյուսներից, նույն գենետիկան է: Ես հիացած եմ Ռիտա Սարգսյանով: Նա հետաքրքրության մեծ շրջանակ ունի, իր վրա մեծ պատասխանատվություն է կրում՝ նախագահի կինը լինելով: Նա հոգ է տանում նաև իմ երաժիշտ կոլեգաների մասին: Եվ այս իմաստով ես սպասում եմ, որ մեր նախագահն էլ առաջին տիկին ունենա»,- ասաց Կոբզոնը:
Ըստ ԶԼՄ–ների` Երևանում կայացած ասուլիսի ժամանակ Իոսիֆ Կոբզոնն ասել է, որ հաճախ է դիմում Ռիտա Սարգսյանին` ասելով` Ձեզ դուր է գալիս այս կամ այն արտիստը։ Երբ դրական պատասխան է ստանում, ասում է`խնդրեք Ձեր ամուսնուն նրան կոչում տալ։
Համերգի ընթացքում Կոբզոնը երգեց Անատոլի Դնեպրովի «Արմենիա» երգը: Ավարտին բոլորը ոտքի կանգնեցին ու երկարատև ծափահարություններով իրենց հիացմունքը հայտնեցին հիանալի կատարման համար:
Կոբզոնը չմոռացավ նաև Ռուսաստանում ապրած հայազգի մյուս կոմպոզիտորներին՝ հատուկ շեշտելով Առնո Բաբաջանյանի անունը: Անհրաժեշտ հերթականությամբ լեգենդար արտիստն անդրադարձավ բոլորին, իսկ այդ հարցում նրան օգնեցին հայ երգիչներն ու նորօրյա կոմպոզիտորները: