ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և խորհրդային էստրադայի աստղ, պետական գործիչ Իոսիֆ Կոբզոնը համարում է, որ Հայաստանն իր երկրորդ տունն է։ Հաճախ է գալիս մեր երկիր և միայն ուրախ առիթներով, խոստովանեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
«Ես Հայաստանում հյուր չեմ, քանի որ այստեղ հաճախ եմ լինում, միշտ` ուրախ առիթներով, բայց նախևառաջ այցելում եմ ընկերներիս գերեզմաններ»,- ասաց Կոբզոնը։
Նա Հայաստանում շատ ընկերներ ունի, որոնց մեծ մասն արդեն հեռացել են կյանքից, օրինակ` Առնո Բաբաջանյանը, Միքայել Թարիվերդիևը, որոնցով, ըստ Կոբզոնի, պետք է հայ ժողովուրդը միշտ հպարտանա։
«Այսօր կոմպոզիտորներից շատերի ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր երկրներում, սակայն քչերը գիտեն, թե ով է հեղինակը։ Օրինակ` «Իմ հայրենիք» երգը գրել է կոմպոզիտոր Ալեքսանդր Դալուխանյանը։ Նա առաջին հայն է, որի հետ ես աշխատել եմ»,- ասաց Կոբզոնը։
Սակայն նրա համար միակն ու անկրկնելին Առնո Բաբաջանյանն է, որի ստեղծագործությունները մինչև այսօր էլ մեծ ճանաչում ունեն։ Ժամանակակից կոմպոզիտորներից նրան դուր է գալիս Ռոբերտ Ամիրխանյանը։
Կոբզոնը Հայաստան է ժամանել բարեգործական համերգով։ Տոմսերի վաճառքից ստացած գումարի մի մասը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Համերգին կմասնակցեն նաև հայ կատարողները։ Բեմից կհնչեն և՛ ռուսերեն, և՛ հայերեն կատարումներ։
Իոսիֆ Կոբզոնը բազմաթիվ համերգներ է տվել Երևանում, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է։