ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. 10-ից ավելի պրոֆեսորներն իրենց մեկ օրվա աշխատավարձը նվիրաբերելու են վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի հնարավորությունների ընդլայնմանը: Այս մասին հաղորդում են Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է արել Բժշկականի ութ հազար շրջանավարտին, որոնք աշխատում են 40 երկրում, միանալ այս նախաձեռնությանը: Ըստ ռեկտորի՝ եթե նրանք էլ համախմբվեն եւ իրենց մեկ օրը տրամադրեն այս նախաձեռնությանը, մարդասիրության լավագույն օրինակ կլինի:
«Այս նախաձեռնությամբ օր առաջ կշահագործվի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում կառուցվող վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, ինչպես նաև համախմբվածության հիանալի օրինակ կլինի: Մեր կոչին անմիջապես արձագանքել է ԵՊԲՀ շրջանավարտ, հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը»,-ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Ինքը՝ Բագրատ Ալեքյանը, մեծ գոհունակությամբ հաստատեց, որ մասնակցելու է Մուրադյանի նախաձեռնությանը, նախ որովհետև պարտական է իր բուհին, բացի այդ՝ հայրենիքի համար կռիվ տված զինվորներին:
«Ես կարծում եմ, որ մեր բուհի բոլոր շրջանավարտները պետք է աջակցեն նախաձեռնությանը՝ իրենց որոշակի ներդրմամբ, և նշանակություն չունի, թե այդ ներդրումն ինչ չափեր կունենա»,-ասաց Ալեքյանը:
Տեղեկացնենք նաև, որ Բագրատ Ալեքյանը ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի բժիշկն է: Դեռևս մայիսի վերջին Պուգաչովան դիմել էր Վիշնևսկու գիտահետազոտական ինստիտուտ՝ իշեմիկ հիվանդության ախտորոշում անցնելու համար։ Խնդրի վերաբերյալ երգչուհին անմիջապես դիմել էր իրեն բուժող բժիշկ, կարդիովիրաբույժ Բագրատ Ալեքյանին: Վերջինս ավելի վաղ վիրահատել էր Պուգաչովային։