ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել «Վերջին բնակիչը» ֆիլմը։ Երաժիշտն այս մասին գրել է Instagram-ի իր էջում։
Նրա խոսքով` «Վերջին բնակիչը» հուզական, լարված ինդի-դրամա է Արցախի ու Ադրբեջանի միջև հիմա շարունակվող հակամարտության մասին։
«Առաջիկա հանգստյան օրերին Ուիթիերում ու Կոստա Մեսայում ցուցադրություն տեղի կունենա։ Եթե անցած շաբաթ բաց եք թողել Գլենդելի ցուցադրությունները, ապա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը դիտելու ևս մեկ հնարավորություն ունեք։ Ֆիլմի երաժշտությունը ես եմ գրել», — նշել է արտիստը։
«Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է գյուղի վերջին բնակչի մասին։ Գյուղը դատարկվել է արցախյան հակամարտությունից հետո։ Սակայն գլխավոր հերոսը չի կարող գյուղը լքել, քանի որ սպասում է դստեր վերադարձին, որը ջարդերից հետո հոգեբուժարանում է հայտնվել։