ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 21 — Sputnik. Մեքսիկայում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար օգնության ձեռք են մեկնել Սալվադորի ու Պանամայի փրկարարները, առաջիկայում փրկարարներ կժամանեն ևս մի քանի երկրից։ Այս մասին հայտնում է Մեքսիկայի ԱԳՆ-ն։
Ակնկալվում է, որ փրկարարներ, տեխնիկներ ու բուժաշխատողներ կժամանեն Իսպանիայից, Գերմանիայից, Էկվադորից, Հոնդուրասից ու Ճապոնիայից։
Բացի այդ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության տվյալների համաձայն` օգնություն ցուցաբերելու պատրաստականություն են հայտնել նաև Արգենտինան, Կոստա Ռիկան ու Պերուն, նաև ակնկալվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի մասնակցությունը։
Նախօրեին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը նույնպես հայտնել էր, որ պատրաստ են օգնել Մեքսիկային։
«Հավաստիացնում եմ, որ Ռուսաստանի արտակարգ ծառայությունը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ու աջակցություն ցուցաբերել` Ռուսաստանի կառավարությանը դիմելու դեպքում», — ասել էր Պուչկովը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիտոյին։
7,4 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի Մեքսիկայից դեպի արևելք։ Հիմնական ցնցումից հետո առնվազն 10 հետցնցում է եղել։ Երկրաշարժի հետևանքով մահացել է 248 մարդ, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։