ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մեր ժողովուրդը բանակ ստեղծելու ժամանակ չունենալով` ստիպված էր միաժամանակ և՛ պատերազմել եղած ուժերով, միջոցներով, կամավորական միավորումներով, և՛ փորձել ԽՍՀՄ հայ սպաների միջոցով ձևավորել պրոֆեսիոնալ բանակ։ 26-ամյա հեռավորությունից գնահատելով Հայոց բանակի անցած ուղին` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս տարիների ընթացքում հայկական բանակն անցավ իր ուրույն ճանապարհը` ինչ-որ բան վերցնելով խորհրդային բանակի լավ ավանդույթներից, ազգային պատմությունից։ Միաժամանակ նաև առկա իրավիճակից ու խնդիրներից ելնելով, մարտահրավերներից դասեր քաղելով`մեր բանակն իր ուրույն ձեռագիրը դրեց այդ ամենի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ բանակն այսօր էլ չունի հանգիստ միջավայրում զարգանալու հնարավորություն։
«Մեր բանակն արդեն 26 տարի մարտական պատրաստություն է անցնում հենց մարտադաշտում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Իսկ ազգ-բանակ գաղափարը, Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ, նոր չէ, այն մշտապես գործել է Հայաստանում` առանց հատուկ ձևակերպումների և ուղղորդումների։ Այսօր պարզապես բանակի համար արվող ցանկացած աջակցություն արդեն ավելի համակարգված է արվում։
