ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Մոտ 20 հազար մարդ է տարհանվել ռումբերի մասին կեղծ ահազանգերից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում և շրջաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին։
11 քաղաքների 80 օբյեկտներից ավելի քան 19 հազար մարդ է տարհանվել։
Մայրաքաղաքում կեղծ ահազանգերից հետո քաղաքի տարբեր թաղամասերից մարդիկ էին տարհանվում, այդ թվում` առևտրի կենտրոններից, գիշերային ակումբներից և մի շարք ռեստորաններից։
Մեկ շաբաթից ավելի է, ինչ ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգեր են սկսել ստացվել Ռուսաստանի ամբողջ տարածքում։ Այդ ընթացքում տարհանման և տեղանքների մանրակրկիտ զննության աշխատանքների արդյունքում ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Ավելի վաղ իրավապահ մարմինների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ զանգերը կապված են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ։ Զանգերի հեղինակներից շատերին բացահայտել են, նրանք Ռուսաստանի տարածքից դուրս են գտնվում։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվելու։