Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութ կիրառելու որոշումը տարաբնույթ քննարկումների պատճառ է դարձել։ Ծրագրի ընդդիմախոսները պնդում են` այն ոչ թե կնվազեցնի, այլ կխթանի հիվանդության տարածումը: Առողջապահության պատասխանատուներն իրենց հերթին վստահեցնում են` պատվաստանյութում կենդանի վիրուս չկա:
«Այն սպիտակուցի բաղադրատոմսի առանձին հատվածներից է կազմված, ուստի հիվանդացության ռիսկը զրոյացվում է: Պատվաստանյութն արդեն ներդրվել է աշխարհի 70 երկրում։ Պատվաստումից առաջ, ինչպես բոլոր դեպքերում, երեխան կանցնի բուժզննում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանը։
Հայաստանում այս ծրագիրը կիրականացվի GAVI-ի միջոցով: ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս այս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում,երբ աղջիկները դեռևս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին։