ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում այս տարի երկու անգամ հրդեհը «Տագնապ» ազդանշանին հասնող բարդություն է ունենում, և 2 անգամն էլ տեխնիկա հնարավոր չի լինում գործի դնել: Բայց երկու անգամն էլ շատ արագ արձագանքում են և՛ փրկարարները, և՛ գյուղացիները։
Շիրակցի հրշեջ-փրկարարների գործն ինչ-որ տեղ ավելի բարդ էր. հրդեհները կա՛մ բլուրների վրա էին, կա՛մ ձորերի եզրին՝ տարածքներ, որտեղ տեխնիկա գործածելն անհնար էր, և օգնության էր հասնում հարակից գյուղերի բնակիչների ու զինվորականների ձեռքի ուժը: Որոշ տարածքներ ջրազուրկ էին, սա ևս լրացուցիչ բարդություն էր` ի հավելումն հրդեհը տարածող քամուն:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն էր ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի վրա այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21:00-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 09:15-ին, մարվել՝ 17:55-ին:
«Ամբողջ տարածքը ջրազուրկ տարածք էր, տարածքում հոսող ոչ մի առվակ, ոչ մի գետակ չունեինք, դա առաջին խնդիրն էր, առանձին տեղեր անհրաժեշտ է եղել նույն աշխատանքը եռակի ու քառակի կատարել. օջախի լիարժեք հանգեցնելուց 30-40 րոպե հետո ջերմության բարձրանալու և քամու պատճառով նորից տվյալ օջախը սկսել է ծխալ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով և տեղական ինքնակառավարման մարմիններին և՛ հարակից համայնքների բնակիչների և՛ Շիրակի կայազորի անձնակազմին օգնության ձեռք մեկնելու համար:
Նրա խոսքով` ինչպես այս, այնպես էլ սեպտեմբերի 7-ին Ջաջուռում տեղի ունեցած հրդեհաշիջման ժամանակ տեղանքի պատճառով շիրակցի փրկարարները տեխնիկա չօգտագործեցին, սակայն առավել վատ ջրի բացակայությունն էր, բայց բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:
Սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ ամառը թեժ էր, հրշեջի գործը` շատ: