ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Մինչև 18 տարեկան շախմատիստների մրցաշարում շախմատիստ Սոնա Ասատրյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Մրցաշարի վերջին տուրում հայ մարզիկը կիսեց միավորը հունգարացի Թեա Գուեչիի հետ պարտիայում ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Ասատրյանը շատ վստահ անցկացրեց ամբողջ մրցաշարը` ինը պարտիայից հինգում հասնելով հաղթանակի, իսկ մյուս չորս պարտիաներով կիսելով միավորը մրցակիցների հետ:
Վերջին տուրում նրա հիմնական մրցակիցները՝ իսպանուհի Մարթա Գարսիան ու լեհ Կատարինա Դվիլևիչը, մրցեցին իրար հետ: Լեհ շախմատիստուհին հաղթեց, բայց կես միավորով հետ մնաց Ասատրյանից:
Մրցաշարին Սոնա Ասատրյանից բացի մասնակցում էր նաև Մարիամ Ավետիսյանը, որը վեց միավորով կիսեց 5-7 տեղերը Թեա Գուեչիի և Ալյոնա Կորչագինայի հետ: