ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Armtimes.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր Վերնսիաժի մոտակայքում` «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց, տեղի ունեցած սպանության դեպքից:
Մինչ սպանությունը, հյուրանոցում են եղել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն ու վերջինիս թիմակիցները: Հյուրանոցի ներսում վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է կրակոցները՝ արդեն դրսում: Սպանվածը Վահագն Աբգարյանի թիմից է:
Հյուրանոցի տարածքում է այժմ կայանված Վահագն Աբգարյանի զրահապատ «Համեր» տեսակի ավտոմեքենան, որից մի քանի մետր հեռավորության վրա էլ՝ ծառերի տակ ընկած է սպանվածի դին:
Կայքը հիշեցնում է, որ Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ է կապվում Վահագն Աբգարյանի անունը: Մասնավորապես, 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը և Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը։ Ընտրություններից շուրջ հինգ ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Վահագն Աբգարյանն, ըստ որոշ տեղեկությունների՝ գործող քաղաքապետի թիմից է, նրա ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ սպանված Վարդան Ավագյանը: Այս միջադեպից հետո սպանությունները Ալավերդիում չեն դադարում: