ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավ է հիշում այն ժամանակները, երբ թախանձագին աղաչում էր հորը տանել իր հետ «Վալանս» ֆրանսիական ակումբի մարզումներին։ Այդ մասին ֆուտբոլիստը խոստովանել էր հարցազրույցներից մեկի ժամանակ։
Այն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա կիսապաշտպանը հինգ տարեկան էր, ֆուտբոլով չէր հետաքրքրվում, պարզապես, ցանկանում էր հոր կողքին լինել։
«Ֆրանսիայում իր խաղերի բազմաթիվ տեսագրություններ ունեինք մենք, և ես հաճախ էի դրանք վերանայում հորս հիշելու համար։ Շաբաթական երկու կամ երեք անգամ ես դիտում էի նրա խաղերն ու շատ երջանիկ էի»,– պատմում է ֆուտբոլիստը։
Հենրիխի հայրը` Համլետ Մխիթարյանը, կյանքից վաղ հեռացավ։ Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվեց Հայաստան։ Համլետի մահից մեկ տարի անց Հենրիխը սկսեց զբաղվել ֆուտբոլով «Փյունիկ» ակումբում։ Տասը տարեկանում ֆուտբոլը դարձավ Հենրիխի կյանքի անբաժան մասնիկը։ Տաղանդավոր պատանին փորձում էր ամեն ինչում նմանվել հորը, որն իր կուռքն էր։
2003 թվականին 14 տարեկանում Հենրիխը մեկնեց «Սան Պաուլու» բրազիլական ակումբում չորս ամսով ստաժավորում անցնելու, որտեղ ծանոթացավ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպես Հերնանեսը, Լուկասը, Օսկարը, Դենիլսոնը։
20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», այնտեղից՝ «Շախտյոր»։ 2013 թվականին Հենրիխին հրավիրեցին Դորտմունդի «Բորուսիա»։
2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «կարմիր սատանաների» մոտ` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 տարվա պայմանագիր կնքելով, և այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը 42 մլն եվրո վճարեց։