ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Սեպտեմբերի 1-ին առաջին դասարանի աշակերտ Արայիկ Հովհաննիսյանի լուսանկարն արագ տարածվեց սոցցանցերում։ Տխուր աչքերով տղան մի ակնթարթում հայտնի դարձավ։ Նրան սկսեցին հրավիրել նկարահանումների, տեղադրել նրա լուսանկարները, որոշ մեր համաքաղաքացիներ էլ դպրոցականի լուսանկարով «զարդարեցին» իրենց համակարգիչների ու հեռախոսների էկրանները։ Պարզվեց, որ Արայիկի «տանջանքների» պատճառը մոր հետ բաժանումն էր։

«Դասարանում ես անընդհատ աչքերով մայրիկիս էի փնտրում, քանի որ ստիպված էի մի քանի ժամով բաժանվել նրանից»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տղան։
Նա խոստովանեց, որ բացի մայրիկից, ոչ մի բանի մասին մտածել չէր կարողանում, բայց արագ հարմարվեց դպրոցին և այժմ այդքան մեծ կարոտ չի զգում։
Արայիկը երազում է ոստիկան դառնալ մարդկանց պաշտպանելու համար։