ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ անկախության 26-ամյակին և «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին ընդառաջ Հայաստան կժամանեն հաղորդաշարի տարբեր տարիների հերոսները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց հաղորդման հեղինակ Մանանա Հակոբյանը։
«Ամեն օր մի քանի հյուրի ենք դիմավորում։ Այսօր Ռոզի Արմենը կժամանի Հայաստան։ Առաջիկա օրերի ընթացքում այստեղ կլինեն նաև Օրնելա Մուտտին, Միշել Լեգրանը, Կարո Փայլանը, Էլլադա Չախոյանը»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ տարիներ շարունակ շրջել է աշխարհում, ծանոթացել լեգենդար հայերի ու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամների հետ և հասկացել, որ նրանցից շատերն իրար չեն ճանաչում, ցանկություն է առաջացել ծանոթացնել նրանց։
Ու հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում. հաղորդման հյուրերը Հայաստան են գալիս` շնորհավորելու «Ծագումով հայեր» հաղորդաշարի հոբելյանը, ինչպես նաև մասնակցելու Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովին։
«Հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը ելույթ կունենա սեպտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառման ժամանակ։ Օրնելա Մուտտիի հետ կայցելենք Էջմիածին, այնտեղ հետաքրքիր միջոցառում ենք նախատեսել»,- ասաց Հակոբյանը։
Նա շնորհակալ է իր հերոսներին, որ ընդունել են հրավերն ու ժամանում են Հայաստան, նշում է, որ այս հարցում մեծ դեր են ունեցել նաև ՀՀ կառավարությանը, սփյուռքի և մշակույթի նախարարությունները։
Մանանա Հակոբյանը 10 տարվա ընթացքում մոտավորապես 400 հաղորդում է պատրաստել ծագումով հայերի ու հայերի հետ բարեկամացած մարդկանց մասին, որոնցից 110-ը ներկա կլինեն համերգին։ Տոնական համերգը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։