Ամռանը կտրուկ թանկացած ավիատոմսերի գները վերադառնում են նախկին մակարդակին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց զբոսաշրջային բիզնեսով զբաղվող մասնագետ Վլադիմիր Գևորգյանը։ Նրա խոսքով` ամենանկատելին էժանացել են Երևան-Մոսկվա-Երևան ավիատոմսերը` շուրջ 30 %-ով։
«Եթե հուլիս-օգոստոս ամիսներին երկկողմանի չվերթի տոմսն արժեր 150-160 հազար դրամ, ապա այսօր այն կարելի է ձեռք բերել 100 —110 հազար դրամով»,- ասաց մեր զրուցակիցը` ավիատոմսերի արժեքի փոփոխությունը պայմանավորելով պահանջարկով։
«Ամռանը Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկների այցի և պահանջարկի ավելացման արդյունքում ինքնաթիռներում ազատ տեղերի խնդիր էր առաջացել, ինչն էլ հանգեցրել էր գների կտրուկ աճին»,- ասաց Գևորգյանը` հավելելով, որ աշնանը, պահանջարկի որոշակի անկմանը զուգահեռ, անկում ապրեցին նաև գները։
Այդուհանդերձ, աշունը և հատկապես առաջիկա 10-15 օրերը Երևանի համար դեռևս տուրիստական սեզոն են համարվում։ Մեր զրուցակցի խոսքով` ռուսաստանցի զբոսաշրջիկներին Հայաստան են բերում նաև գինու փառատոնն ու Երևանի օրվա տոնակատարությունները։ Հետևաբար, այս ընթացքում դեպի Երևան ուղղության պահանջարկը դեռևս կշարունակի բարձր մնալ։
Մոսկվա-Երևան ավիատոմսերի պահանջարկը ձևավորվում է նաև արտագնա աշխատանքից վերադարձողների միջոցով։ Վլադիմիր Գևորգյանն այդ տեսակետից չի բացառում, որ ձմռան սկզբին շուկայում նոր պահանջարկի ձևավորմամբ դարձյալ թանկացում կգրանցվի։