ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Այս գիշեր, մոտավորապես 00։10–ի շրջանակներում Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Գիշերն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնում կրակոցներ են հնչել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Նախնական տվյալներով` կրակոցներ են հնչել մեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվող վարորդը և ուղևորը ստացած վնասվածքներից մահացել են։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,–ասաց Սոնա Տռուզյանը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` կրակոցների թիրախը «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան է եղել։ Միջադեպի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Լևոն Ավետիսյանը՝ ծնված 1981թ., և ուղևոր Կարեն Դավթյանը՝ ծնված 1973թ., ստացած հրազենային վնասվածքներից մահացել են:
Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, իսկ ավտոմեքենայի սրահից՝ «Սայգա-ՄԿ 7.67-39մմ» գրառմամբ ինքնաձիգ ՝պահունակներով:
Դեպք առթիվ հարուցվել է քրեական գործ` 104 հոդվածի 1–ին կետի և 235–ի առաջին մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ։