Գործող վարչապետի կառավարությունն իրականացնում է ԱԺ-ի հավանությանն արժանացած ծրագիրը, վարչապետի աշխատանքից ՀՀԿ-ն դժգոհ չէ։ Այսօր ԱԺ-ում, պատասխանելով 2018թ-ից հետո վարչապետի փոփոխության մասին հարցին` ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կառավարությունը քաղաքական մեծամասնության հետ միասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, մեկ քաղաքական թիմ է»,- ասաց Շարմազանովը։
Եվ, այդուհանդերձ, ՀՀԿ խոսնակը չթաքցրեց` ներկա և 2018թ-ի վարչապետները տարբեր գործառույթներ են ունենալու։
«Այսօրվա վարչապետը չունի արտաքին քաղաքականություն իրականացնելու և ղեկավարելու, ուժային կառույցները ղեկավարելու, անվտանգության որևէ գործառույթ, ապագա վարչապետը, որը լինելու է խորհրդարանական համակարգի վարչապետ, ունենալու է արդեն այնպիսի ֆունկցիաներ, որոնց մեջ տեղ են ունենալու ոչ միայն տնտեսությունը, այլ նախ և առաջ անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը»,- ասաց Շարմազանովը։
Լրագրողների հարցը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է Սերժ Սարգսյանին, Շարմազանովը պատասխանեց` օրը կգա, բարին հետը։