ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին բժշկական կենտրոնից: Նշենք, որ վերջինիս մոտի արձանագրվել է գանգուղեղային փակ վնասվածք՝ աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ: «Զինծառայողն ընդունվել է ծեծված՝ բազմակի վնասվածքներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ:
Հիվանդից ալկոհոլի հոտ էր եկել: Հիվանդը տեղեկություններ չի նշել իր հետ կատարվածի վերաբերյալ։ Գյումրու կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության կողմից: Այս պահին նա բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ կայուն»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Ոստիկանությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում մի անձ վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Այս պահին կարող ենք միայն ասել, որ Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում կա տուժող»,–հայտնել են Ոստիկանության լրատվության բաժնից։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։