ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետությունում արձանագրված սակագների 0.6% հավելաճը Ազգային վիճակագրական ծառայությունը պայմանավորում է տրանսպորտի ծառայությունների սակագների 2.6% հավելաճով: Դա էլ հիմնականում կապված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 14.5% հավելաճի հետ:
«Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հյուրանոցային ծառայություններինը՝ 0.9%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի ծառայությունների սակագների 0.9% նվազում, իսկ առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ»,-ասված է Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.5-0.9% հավելաճ: Համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0.5%-ով: