Սոցցանցերում հրապարակած տեսանյութը, որում առանց մեկ ոտքի պատանին հենակների վրա ֆուտբոլ է խաղում, հայտնվել է ուշադրության կենտրոնում: Sputnik Ղրղըզստանի մեր գործընկերները գտել են տղային` նրա պատմությունը ներկայացնելու համար:
Ազիս Դավրանովը 12 տարեկան է: Հինգ տարի առաջ վթարի հետևրանքով նա կորցրել է ոտքը: Խափանվել էր միկրոավտոբուսի արգելակման համակարգը, և այն մեծ արագության տակ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց:
Ինչպես պատմում է տղայի մայրը` Վեներա Դավրանովան, հարվածից նա շպրտվել է մի քանի մետր հեռու, ընկել առվի մեջ, երկար ժամանակ անգիտակից վիճակում է եղել: Բժիշկներն ասել էին ծնողներին, որ երեխան լուրջ վնասվածքներ ունի և պետք է անդամահատել նրա ոտքն, այլապես Ազիսը ողջ չի մնա: Ընտանիքը մտահոգված էր, թե ինչպես երեխան կընդունի վիրահատության հետևանքները:
Ազիսը տանել չի կարող խղճահարությունը, ամեն ինչ ինքնուրույն է անում, և եթե ինչ-որ բան դժվարությամբ է տրվում, եղբայրներն են օգնության գալիս, պատմում է մայրը:
Ինչպես պարզաբանեց Ազիսը, նրան խղճալու պատճառ չկա:
«Շատ եմ սիրում ֆուտբոլը: Հիանալի խաղ է, աշխատում եմ օր բաց չթողնել, և միշտ խաղալ տղաների հետ: Գնդակս հին է, բայց ավելի լավ է, քան ոչինչ չունենալը: Սիրում եմ սովորել, երազում եմ ապագայում օգնել ծնողներիս: Հայրս մշտական աշխատանք չունի, իսկ մայրս չի աշխատում: Ընտանիքում երեք երեխա ենք, օգնում ենք ծնողներին, ինչպես կարող ենք, սակայն հասկանում ենք, որ դա բավարար չէ»,- պատմում է տղան:
Հիմա նա սովորում է 6-րդ դասարանում, իսկ ապագայում երազում է բարեգործական հիմնադրամ ստեղծել ու կինոռեժիսոր դառնալ: