ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Armtimes.com-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ադունցը տեղեկացրել է, որ պաշտոնից հրաժարվում է սեփական դիմումի համաձայն:
«Առողջական խնդիրներ ունեմ, դրա համար ուզում եմ դուրս գալ»,- ասել է Վաչագան Ադունցը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ քաղաքապետի հրաժարականի պատճառը եղել է այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում լարվել է Վաչագան Ադունցի և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները:
Մասնավորապես, կայքերը գրեցին, որ ապրիլի 2-ին` ընտրությունների ժամանակ, երբ հայտնի գործարար Գագա Առուշանյանը որոշեց իր փողերի հաշվին «ձայներ խփել» ՀՀԿ-ի օգտին, հանրապետական մարզպետ Վահե Հակոբյանն էլ, ըստ լրատվամիջոցների` Առուշանյանին որպես շնորհակալություն խոստացել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնը: