ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքներում մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ կան, որոնք բացասաբար են անդրադառնում օդի մաքրության ու կառուցապատման ներդրումային քաղաքականության վրա: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա կարծիքով՝ այդ շինությունների հարցը լուծելը կնպաստի նաև զբոսաշրջության համար առավել գրավիչ պայմաններ ստեղծելուն:
«Հանձնարարում եմ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում գույքագրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներին, խոշոր քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը: Երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ՝ գործող օրենսդրության համապատասխան»,-ասաց վարչապետը:
Գաղտնիք չէ, որ մասնավոր ընկերություններին պատկանող անավարտ կառույցներ կան, որոնց շինարարությունը տարիներով է ձգվում, իսկ վերջը չի երևում: Բավական է թեթև քամի բարձրանա, ամբողջ քաղաքը հայտնվում է փոշու մեջ: Սա վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին: