ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ իրավապահները բենզինի գողության դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ:
«Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին և 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս»,- գրում է թերթը:
Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:
«Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»,- նշված է հոդվածում: