ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ապրիլյան գործողություններից հետո այս ու այն կողմից տարբեր մակարդակի զրույցներ էին հասնում, թե զբոսաշրջիկները վախենում են գալ հակամարտության գոտի: Արի ու տես, որ Արցախն այս անգամ ևս ապացուցեց՝ ուժեղ է ու կարող է ոտքի կանգնել: Ի վերջո, սա այն բացառիկ հողն է, որտեղ կողք կողքի «ապրում են» պատերազմն ու խաղաղությունը: Զբոսաշրջիկներն իրենց աչքով են տեսնում՝ արցախցիները խաղաղության մարտիկներ են:
Զբոսաշրջիկներին չի վախեցնում անգամ Ադրբեջանի «սև ցուցակը»: Արցախի զբոսաշրջության վարչության կառավարիչ Արտակ Գրիգորյանը ասվածը վիճակագրությամբ է ապացուցում:
«Տարեկան կտրվածքով Արցախ են այցելում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, իսկ «սև ցուցակի» մեջ ընդգրկվածների թիվը չի գերազանցում 7 հարյուրը։ Զբոսաշրջիկները շարունակում են Արցախ այցելել»,- հպարտությամբ ասում է Գրիգորյանը:
Այլ կերպ ասած՝ այս տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Արցախն արձանագրել է զբոսաշրջության 43 տոկոսանոց աճ նախորդ տարվա համեմատությամբ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, զբոսաշրջիկների գերակշիռ մասը ռուսաստացիներ են:
«Այդ թիվը, որ ասացի, վերաբերում է միայն արտասահմանցի զբոսաշրջիկներին, Հայաստանից տվյալներ չունենք, քանի որ մուտքի անձնագրերով չենք գրանցում: Նույնը վերաբերում է նաև սփյուռքահայերին, որոնք ունեն հայկական անձնագրեր»,-ասաց նա:
«Եկ Արցախ»,- կրկնում է Գրիգորյանը Արցախի բրենդային արտահայտություններից մեկը:
Իսկ այդ հրաշք երկիրը զբոսաշրջիկներին ցուցադրելու շատ բան ունի: Նրա խոսքով՝ արտասահմանցի հյուրերին առավել հետաքրքրում է Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոցն ու Հունոտի կիրճը, Գանձասարը և այլն:
Նաև զբոսաշրջության շնորհիվ է, որ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է: Այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նրա փոխանցմամբ՝ Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.5 տոկոսի աճ է գրանցել:
«Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.2%-ով»,-ասաց նա:
Աբրահամյանն ուղենշեց մի քանի ոլորտ, որոնք նպաստում են տնտեսական աճին` զբոսաշրջություն, հանքարդյունաբերություն և վերամշակող արդյունաբերություն, հիդրոէներգետիկա և շինարարություն:
Օրեր առաջ Արցախում մի կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը հանձնեցին շահագործման: Ըստ տարբեր տեսակետների՝ սա ևս կփոխի Արցախի կյանքի որակը… տնտեսական ու անվտանգության տեսանկյունից: