ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կփորձի նոր մարզաձևում:
Անվանի ըմբիշը հանդես կգա խառը մենամարտերում (MMA): Այս մասին հատնում է ММА-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովն ԱՄՆ-ից։
«Ընկերներ, շտապում եմ ձեզ շատ հետաքրքիր նորություն հայտնել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական հայտնի ՉԵՄՊԻՈՆ Միհրան Հարությունյանը հանդես կգա իր համար նոր մարզաձևում` MMA-ում»,- Ինստագրամի իր էջում գրել է Մոգոմեդովը:
Նա վստահեցրել է, որ Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում:
«Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը` ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,- նշել է Մոգոմեդովը:
Միհրան Հարությունյանը, պատասխանելով մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին, նշել է, որ չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին: