ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Ռուսաստանի մայրաքաղաքում` Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդությամբ։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է պատրիարքի մամուլի քարտուղար քահանա Ալեքսանդր Վոլկովը, հանդիպումը կդառնա «Ռուսաստանի ու Անդրկովկասի կրոնական առաջնորդների խաղաղապահ ջանքերի շարունակությունը»։
«Հայաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդները քննարկելու են հակամարտության լուծման ճանապարհներն ու Կովկասի խաղաղության թեման։ Հոգևորականության ու հավատացյալների ջանքները կարող են դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի իրավիճակի վրա», — ասել է Վոլկովը։
Նա ճշտել է, որ եռակողմ հանդիպումը կկայանա պատրիարքի նստավայրում։
Սա Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների վեցերորդ հանդիպումն է։
Վերջին հանդիպումը կայացել է 2011 թվականի նոյեմբերին։ Ալլահշուքյուր Փաշազադեն այցելել էր Երևան` ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի երկօրյա պրեզիդիումի նիստին մասնակցելու նպատակով։ Հանդիպման արդյունքում հռչակագիր էր ընդունվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտության մասին։