ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան․ «Չբացահայտված Հայաստան» ֆիլմը պատրաստ կլինի 2018 թվականի մարտին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կև Օրքյանը։
Հայտնի դերասան և երաժիշտ Կև Օրքյանը լրագրող ու հեռուստապրոդյուսեր Էնդի Սայմոնի հետ (երկուսն էլ հայկական ծագում ունեն) համատեղ ֆիլմ է նկարահանում Հայաստանի գեղեցկության մասին։ Ռեժիսորի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել ոչ միայն Հայաստանի պատմությունն ու մշակույթը, այլ նաև պատմել երկրի բնակիչների՝ տարբեր մասնագիտության տեր մարդկանց մասին։
Պատմական հայրենիքում անցկացրած երկու շաբաթվա ընթացքում Կևն ու Էնդին հասցրել են ոտքի տակ առնել Հայաստանը։
«Մենք հյուսիսից հարավ ենք գնացել։ Այցելել ենք Խոր Վիրապ, Արենի, Ջերմուկ, Ղարաբաղ, եղել ենք Ախթալայում։ Պարապլանով թռիչք ենք կատարել Սևանա լճի վրայով։ Եղել ենք նաև Ծիծեռնակաբերդում, տարբեր թանգարաններ ենք այցելել։ Շատ ընտանիքներում մեզ հայկական ուտեստներ էին հյուրասիրում։ Մի խոսքով՝ տեղում չենք նստել», — պատմեց ռեժիսորը։
Կևը խոստովանում է, որ «Չբացահայտված Հայաստան» ֆիլմի միջոցով ցանկանում է աշխարհին ներկայացնել Հայաստանի ամենահետաքրքիր ու ամենագեղեցիկ վայրերը։
«Հուսով եմ՝ նախագիծս այլ երկրներում բնակվող հայերին կդրդի գալ ու տեսնել՝ ինչ լավ է այստեղ։ Ու ոչ միայն հայերին, այլև արտասահմանցիներին», — ասաց ռեժիսորը։
Նա նշեց նաև, որ ֆիլմը տարածվելու է iTunes-ի, Amazon-ի ու սոցիալական կայքերի միջոցով։
«Չբացահայտված Հայաստան» վավերագրական ֆիլմի մասին պատմող տեսահոլովակը, որը հրապարակվել է Կև Օրքյանի ֆեյսբուքյան էջում, արդեն մոտ ութ հազար դիտում է ունեցել։