ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. «Минута славы-2017» հայտնի ռուսական ծրագրի հաղթողներ, ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները նոր բարձունք են նվաճել. կրկեսի արտիստների թիմի հետ նրանք աներևակայելի հնարքներն են կարատել Պետերբուրգի ամենագեղեցիկ շենքերից մեկի` «Զինգերի» տանիքին։
Երբևիցե առիթ չենք ունեցել այսպիսի հնարքներ կատարել` բացօթյա հարթակների ու նման բարձրության վրա, հատկապես` առանց ապահովագրության, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Минута славы-2017» հայտնի ծրագրի հաղթող եղբայրներից Անդրանիկ Վարդանյանը։
«Մենք մեծ հաճույք ու ծով ադրենալին ստացանք։ Սակայն դա խենթություն չէր. ամեն ինչ նախօրոք մտածված էր ու պրոֆեսիոնալ կերպով իրականացված։ Ոչ պրոֆեսիոնալներին խորհուրդ չէի տա կրկնել», – ասաց Անդրանիկը։
Բարձրագույն պիլոտաժն իրականացվել է Անդրանիկի ղեկավարությամբ։ Իսկ տպավորիչ ֆոտոշարքի հեղինակը Տատյանա Բեշիրն է։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Աշխատանքը քո վրա ամենադժվար աշխատանքն է, քչերն են դրանով զբաղվում։ Ինձ բախտ է վիճակվել զարմանալի մարդկանց հետ ծանոթանալ, որոնք գիտեն` ինչպես ստուգել իրենց ուժերը։ «Минута Славы-2017» նախագծի հաղթող, տաղանդավոր ու նպատակասլաց Վարդանյան եղբայրներն ու Գիա Էրաձեի «Թագավորական կրկեսի» ակրոբատներն ամենօրյա մարզումների շնորհիվ մեծ բարձունքների են հասնում կյանքում ու արվեստում…»։
Անդրանիկը հայտնեց, ուր նույն արտիստների հետ աննախադեպ համար են պատրաստում, որի նմանն աշխարհում չի եղել։
Անդրանիկ ու Գևորգ Վարդանյան եղբայրներն ուժային ակրոբատիկայի ժանրում հանդես գալով դուետով`2017 թվականին «Минута славы» հայտնի ծրագրի հոբելյանական թողարկման հաղթողները դարձան ռուսական Առաջին ալիքով։
Հետագայում եղբայրները նախատեսում են Հայաստանում դպրոց բացել։