ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը հոկտեմբերի կեսերին հանդես կգա պատարագային, վոկալ և երգչախմբային երաժշտության փառատոնում, որն անցկացվելու է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Աբու-Գոշ գյուղում։ Այս մասին հայտնում է cursorinfo.co.il գործակալությունը։
Երգչախումբը մեկ համերգ կտա և հանդես կգա դասական ու ժողովրդական ստեղծագործություններով։
««Հայաստանի փոքրիկ երգիչները» լավագույն երգչախումբն է, որին ես երբևիցե լսել եմ, նրանք այլ մոլորակից են: Այդ երգչախումբն իսկապես ցնցել է ինձ, անբացատրելի, խորը զգացողություն է, որը դուրս է գալիս նրանց հոգու խորքից: Նրանք Հայաստանի լավագույն դեսպաններն են»,-ասել է «Էֆրոնի» երգչախմբի դիրիժոր, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մայա Շավիտը, որի նախաձեռնությամբ հայկական երգչախումբը հրավիրվել է Իսրայել։
Աբու–Գոշ փառատոնում, բացի «Հայաստանի փոքրիկ երգիչներից», ելույթ կունենան նաև Շտուտգարտի կամերային երգչախումբն ու ռուսական «Հավատքի խորհրդանիշ» տղամարդկանց երգչախումբը։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին, ելույթ է ունեցել աշխարհի 90 երկրում, բազմաթիվ անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթներում։ 2002 թվականին Երգչախմբային երաժշտության համաշխարհային ասոցիացիան «Հայաստանի փոքրիկ երգիչներին» լավագույն մանկական երգչախումբ է ճանաչել։