ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Երևանյան մարզական ամառ 2017» մրցախաղի արդյունքներով արդեն 3-րդ անգամ անընդմեջ լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Նորք-Մարաշը:Այ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթի թիմը, երրորդը՝ Նոր-Նորքի թիմը:
Միջոցառման շրջանակում նաև ամփոփվել են «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային մարզական փառատոնի արդյունքները:
Թիմային հաշվարկով բակային մարզական փառատոնում առաջին հորիզոնականը գրավել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ արժանանալով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին:
Երկրորդ տեղում Աջափնյակը ներկայացնող պատանի մարզիկներն էին, իսկ երրորդ հորիզոնական միավորների քանակով միմյանց միջև կիսել էին Շենգավիթ և Նոր-Նորք վարչական շրջանները:
«Երևանյան մարզական ամառ 2017»-ի շրջանակում կազմակերպվել են նաև տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումն ուղեկցվել է հետաքրքիր համերգային ծրագրով:
Մարզական միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ:
«Միջոցառման նպատակը սպորտային մշակույթը մայրաքաղաքում քարոզելն ու տարածելն է, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրայնացումը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն Երևանի մարզական կյանքին»,- նշել է Գոռ Վարդանյանը: