ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Երևանի փողոցներն անվանափոխելու տարբերակները։
Ըստ այդմ` Երևանի Կասյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Վազգեն Առաջին Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։
«Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով»,- նշել է Փաշինյանը։
Առաջարկի համաձայն` Երևանի Լենինգրադյան փողոցը պետք է անվանափոխվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը` Մոնթե Մելքոնյանի անունով։
Երևանի ավագանում «Ելք» խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար։