ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. Սպիտակում կա մի գործարան, որտեղ ժամանակին արտադրել են վերելակներ։ Այդտեղից էլ անունը` Վերելակների գործարան, չնայած տասնյակ տարիներ ի վեր այն չի շահագործվում։
Սպիտակի բնակչությունն այստեղից–այնտեղից լսել է` գործարանը նոր տեր ունի ու վերջինը փորձում է այն հիմնահատակ քանդել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Վերելակի գործարանի հիմնադիրներից մեկը` Համլետ Դիլբարյանը, ներկաներին հարցադրումով դիմեց` ինչպե՞ս կարելի է գործարան քանդել մեծ չափերի հասնող գործազրկության պայմաններում։
«Գործարանը ժողովրդի համար է կառուցվել, սեփականատերը գնել է, թող արտադրանք տա, ոչ թե քանդի։ Այսօր Սպիտակում բնակիչների մեծ մասն անգործ է»,–ասաց Համլետ Դիլբարյանը։
Նա պատմեց` 15 տարեկանից աշխատել է գործարանում, տեսել է, թե ժամանակին որքան մեծ նշանակություն ուներ այն երկրի տնտեսության զարգացման գործում։ Այսօրվա պես հիշում է` երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն այցելեց գործարան, դժվարությամբ առաջ շարժվեց. սարքավորումներն էին շատ։
«94–ից հետո սկսել են հոշոտել գործարանը, հիմա էլ անցել են կորպուսին։ Մենք գիտենք, որ այստեղ այլևս չենք կարող վերելակներ արտադրել, բայց կարող ենք արևային էներգիայի ստացման սարքեր պատրաստել»,–ասաց Դիլբարյանը։
Գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն էլ տեղեկացրեց, որ գործարանը կառուցվել է սեյսմիկ բոլոր նորմերին համապատասխան։ 9 բալ երկրաշարժի դեպքում գործարանը կանգուն կմնա։ Ինչպե՞ս կարելի է սեյսմիկ ակտիվ գոտում քանդել ամուր շինություն։
«Մարդկանց վերջին հույսը կորցնելը վատ երևույթ է։ Ասում են, որ ներկայիս տերը Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանն է։ Բայց չգիտենք, թե կոնկրետ ում անունով է։ Հիմա գնորդներ կան, երբ վստահված անձի հետ հանդիպում են ունենում, հիասթափված վերադառնում են` ասելով, որ ավելի բարձր գին են պահանջում»,–ասաց Համազասպյանը։
Բանախոսները հայտնեցին, որ այս հարցով դիմել են պատգամավորներին` խնդիրը տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը ներկայացնելու համար։