ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան:
Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորման 15 տարին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարեդարձները լավ առիթ են անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ուղենշելու զարգացման հետագա ընթացքը:
Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և զեկուցել վերջին շրջանում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների և կայացած միջոցառումների մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այցը կտևի մինչև օգոստոսի 30-ը։
Երկուշաբթի` օգոստոսի 28-ին, գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Նախատեսվում է նաև Խաչատուրովի և ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի հանդիպումը, Խաչատուրովը կհանդիպի նաև ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։
ՀԱՊԿ ղեկավարը Երևան է ժամանել Մինսկում կայանալիք գագաթնաժողովի և կազմակերպության օրենսդիր մարմինների նիստի մանրամասների քննարկմանն ուղղված այցերի շրջանակում։