ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արդեն մի քանի օր է` Հայաստանի Ազգային պատկերասրահում ընթանում են Հովհաննես Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին նշված է պատկերասրահի ֆեյսբուքյան էջում:
«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսում կներկայացվի մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի:
Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։
Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու հոբելյանն (200-ամյակ) ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի շարքում:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»:
Հովհաննես Այվազովսկին ստեղծել է ավելի քան 6000 կտավ, հիմնականում` ծովանկարներ:
Հանճարեղ ծովանկարիչը վախճանվել է 1900 թվականին։ Նա թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։