ԵՐԵՎԱՆ, 23 Օգոստոս — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մեկ ու կես ժամ առաջ: Հրապարակն այնքան մարդաշատ էր, որ գյումրեցիները կատակում էին՝ «ըսպես օր գնաց, հաջորդ անգամ Արթուրի հաղթանակից հետո Երևանի հրապարակը բդի վարձով վերցնենք»: Աշխարհի եռակի չեմպիոնին գյումրեցիները վայել կերպով էին դիմավորում՝ փողային նվագախումբ, դհոլ ու զուռնա, հրավառություն, շամպայն ու խորհրդանշական տորթ՝ սպիտակ արջի կերպարով:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ավելի քան անկեղծ էր. «Մարդ ասում է` մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս մի բան էր եռում ՝ ինչու են մեր հայերը հաղթում, բայց հայկական դրոշ չի բարձրացվում ու այսօր շատ սիմվոլիկ օր է` 27 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Խոնարհվում եմ այն բոլոր մարզիկների ու մարզիչների առջև ովքեր տարբեր երկրներում բարձրացնում են հայոց եռագույնը»,-նշեց մարզպետը՝ Արթուրին մաղթելով նորանոր հաղթանակներ և առաջիկա օլիմպիական ոսկին: «Վստահ եմ՝ սա վերջը չէ ՝ 2020 թվականի օլիմպիադան կլինի հերթականը»։
Նոր հաղթանակ, բայց նաև ընտանիք կազմելու ու երեխաներ ունենալու՝ 7 որդով սեղան նստելու մաղթանք հնչեցրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ կարևորելով, այն փաստը, որ շատերը Գյումրու մասին իմացան հենց Արթուր շնորհիվ: Հավաքվածների մեջ ամենաերջանիկը Արթուր Ալեքսանյանի հայրն էր: Մարզիկի անձական մարզիչը, հազիվ զսպելով հուզմունքն ու ուրախությունը, նշեց. «Շատ հաճելի է, երբ ամեն անգամ տեսնում եմ, թե ինչպես են Արթուրին սիրում ու դիմավորում, բայց դա նաև պարտավորեցնող է. մենք լիցքավորվում ու շարունակում ենք աշխատել: Մենք ձեր ուժը միշտ զգում ենք»,-նշեց Գևորգ Ալեքսանյանը:
Միշտ համեստ մարզիկն այս անգամ էլ կարճ խոսեց. «Ես ձեզանով եմ ուժեղ»,-նշեց Արթուրը՝ շնորհակալություն հայտնելով գյումրեցիներին՝ իր կողքին լինելու համար: