ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակից ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռի անձնակազմին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներին սրտացավ վերաբերմունքի, ամենայն պատասխանատվությամբ իրականացրած աշխատանքի համար:
Նախարարի հրամանով՝ ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներում բացառիկ ծառայություն մատուցելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի հրամանատար Եվգենի Սերիխին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները պարգևատրվել են նախարարության շնորհակալագրերով և անհատույց ու ցմահ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելելու վկայականով: «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի անձնակազմին գերատեսչական մեդալներով պարգևատրել է նաև ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը: