ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի «Երևանի օրեր» ծրագիրը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին։
Քաղաքապետն աշխատակազմի արտաքին կապերի և մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ: