ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Ծաղկաձորում իրենց 15–րդ հոբելյանական հավաքն անցկացնող «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հորդորել է նրանց լինել ավելի ազատ, ավելի մրցունակ և սիրել սեփական երկիրը։
«Այս շարժումը շատ լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը։ Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը երիտասարդությունն է։ Դուք բոլորդ ունենք վաղվա օրն ավելի լավ դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը։ Չափազանց կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից ու հեռանկարից բավականություն և հաճույք ստանաք, թասիբի ընկնեք, մտածեք և գործեք համապատասխանաբար»,–ասել է Կարեն Կարապետյանը։
Վերջում վարչապետը հորդորել է երիտասարդ բազեականներին լինել ազատ, անկախ, ակտիվ, խորհուրդ տվել ռեգուլյար աշխատել իրենց վրա, որ միշտ լինեն ավելի մրցունակ, ավելի ակտուալ ու ժամանակակից։
«Վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և, ամենակարևորը, սիրեք մեր երկիրը»,–հորդորն ավարտել է Կարեն Կարապետյանը։