ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Կինոռեժիսոր Յուսուպ Ռազիկովի ղեկավարած թիմը պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։
Ռուբեն Դիշդիշյանի «Մարս մեդիա» կինոընկերությունը ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսի 2017 թվականին։ Նկարահանումները կիրականացվեն Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում։
«Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին, երբ Կիրովի թատրոնը տեղափոխվեց Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց «Գայանե» բալետը»,- ասել է կինոընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանասյանը։
Ֆիլմում գործողություններ կծավալվեն նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրեց «Երջանկություն» բալետը։
Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականի վերջին կամ 2019 թվականի սկզբին։
Ֆիլմի նկարահանման աշխատանքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունները։